Մոդելավորում

Յուրաքանչյուր սոցիումի կարևորագույն բաղադրիչներից է մոդելավորումը (անգլ․՝ role model): Հոգեբանությունն այդ երևույթը բացատրում է որպես անհատ(ներ)ի որոշակի վարքագծի ընդօրինակում այլ անհատ(ներ)ի կողմից։ Այսպես օրինակ, երեխաները հաճախ են տարբեր մուլտերում կամ ֆիլմերում այս կամ այն հերոսի վարքագիծն իմիտացնում՝ ձգտելով հնարավորինս նմանվել հերոսին։ Այնուհետև դպրոցական տարիներից ընդօրինակման մոդել հանդիսացող մուլտհերոսներն ու կոմիքսային հերոսներին աստիճանաբար փոխարինում են իրական մարդիկ։ Նրանք սովորաբար ընտանիքի ավագ անդամներն են, տարբեր ոլորտներում հաջողության հասած անհատները, սպորտսմեններ, գործարարներ ևն։
Հետևաբար, կարևոր է, թե տվյալ միջավայրում ովքե՞ր են այդ ընդօրինակման մոդելները։ Այստեղ, հարկ է նկատել նաև, որ հաճախ նրանց բացակայությունը ստիպում է սոցիումի անդամներին այդպիսիք փնտրել իրենց միջավայրից դուրս։ Այդպես է հատկապես փոքր հասարակություններում, ինչպիսին է, օրինակ, հայաստանյան հասարակությունը։ Մեր միջավայրում հաճախ ընդօրինակման մոդելները Արևմուտքից են՝ հոլիվուդյան դերասաններ, սպորտսմեններ, ամերիկյան միլիարդատերեր։
Առաջիկայում նախատեսում ենք իրականացնել միջոցառումների համալիր՝ հայաստանյան միջավայրում իրենց վարքագծով ընդօրինակելի անձանց հետ համագործակցությամբ։ Սպասեք նորությունների։