Մեր մասին

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ | ՆՊԱՏԱԿՆԵՐՆ Ու ԽՆԴԻՐՆԵՐԸ


«Ազդակ» նախաձեռնությունը հիմնել են մի խումբ երիտասարդներ։ Գաղափարն առաջացել է Արցախյան երրորդ պատերազմի ավարտին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից մի քանի երիտասարդների նախաձեռնողականությամբ։ Մեր նախաձեռնության կորիզը նույն Քաշաթաղում 2014թ․ գործունեություն ծավալած «Հայապատում» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամներն են։ ՀԿ-ն իր գործունեության ընթացքում կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնց թվում՝ ինտելեկտուալ խաղեր, ազգային և եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ, մեկշաբաթյա ամառային ճամբար (ճամբարի մասին

Նախաձեռնության գործունեության սկզբունքները լրացնում են այն արժեքները, որոնք դավանում էր Քաշաթաղում գործած «Հայապատում» ՀԿ-ն։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ

Վստահ ենք, որ յուրաքանչյուր հասարակության զարգացման առաջնահերթ գրավականը ստեղծարար միջավայրի առկայությունն է։ Միևնույն ժամանակ հայաստանյան միջավայրը, հատկապես՝ բոլոր առումներով ցավալի կորուստներով վերջին պատերազմից հետո, թարմացման, նոր շունչ ստանալու կարիք ունի։ Մեր նախաձեռնության խնդիրը հենց այդ նպատակին ծառայող ազդակներ հաղորդելն է։

Ստեղծարար միջավայրի ձևավորման երեք ազդակներն են՝ մշակույթը, կրթությունը, գիտությունը։ Այս երեքն այն հիմնասյուններն են, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր անհատին ռեալիզացնել ինքնարտահայտման պահանջմունքը։ Որքան շատ են այդ պահանջմունքի ռեալիզացիային նպաստող գործոնները, այնքան մեծ է հասարակության զարգացման պոտենցիալը։ Հակառակ պարագայում՝ կարծրացած միջավայրի պայմաններում  հասարակական դաշինքի կողմերից մեկի՝ պետությունը սովորաբար սահմանափակում է դաշինքի կողմերից մյուսի՝ քաղաքացու, անհատի պոտենցիալի ռեալիզացման հնարավորությունները․ այս մասին խոսել է նաև ժամանակակից ինտելեկտուալ մտքի գիգանտ Նոամ Խոմսկին։ Այդպիսի իրավիճակը հաստատապես արգելակում է զարգացումը՝ նպաստելով, նախ, հասարակության շրջանում արժեքային ճգնաժամին, ապա նաև կազմաքանդմանը, երբեմն՝ ինքնաոչնչացմանը։ Նման սցենարի հավանականությունը չեզոքացնելու համար, համոզված ենք, անհրաժեշտ չէ լուծում փնտրել հայկական միջավայրի սահմաններից դուրս։ Ի վերջո, ինչպես նշում էր հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը՝ իր «Դառնացած ժողովուրդ» հրապարակախոսական հոդվածում՝ «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»: Այդպիսով, մեր առաքելությունն է՝ ներքին պոտենցիալի արտահայտման հնարավորությունների ստեղծումը, վերոնշյալ երեք ոլորտներում նոր լուծումների, գաղափարների խրախուսման, դրանց առաջխաղացման միջոցով խթանել ստեղծարար միջավայրի ձևավորումը։

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ Ու ԽՆԴԻՐՆԵՐԸ

Մեր նպատակներն են․

  • Ձևավորել մշակութային, ստեղծագործական պոտենցիալի, ինքնարտահայտման հնարավորությունների դրսևորմանը նպաստող միջավայր։
  • Խթանել մասնագիտական որակյալ բազայի կայացումը։
  • Նպաստել գիտակրթական ոլորտի զարգացմանը, այդ թվում՝ ապագա մասնագիտությունների կայացման համատեքստում։

Մեր խնդիրներն են․

  • Հայաստանյան միջավայրի ստեղծարարության անհրաժեշտությունը գիտակցողների միջոցների հավաքագրումը և նպատակային իրագործումը։
  • Մասնագիտական ճշգրիտ կողմնորոշման և ստեղծագործական պոտենցիալի արտահայտման գործիքակազմի մշակումը։
  • Հայկական ինտելեկտուալ ժառանգության պահպանմանն ուղղված գործունեությունը։
  • Գիտական, մասնագիտական նախագծերի իրագործման խրախուսումը։